Վարչապետը «Քորոնա»ի դէմ  պայքարին համար նոր ուղեգիծի մասին խօսեցաւ

2020-05-26
Image

Ի վերջոյ ինչ է մեր մարտավարութեան եւ ռազմավարութեան «սխալը» «Քորոնա» ժահրի դէմ պայքարին մէջ։ Այս մասին Facebook-ի իր էջի ուղիղ եթերով նշած է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը:

Ան,  մասնաւորապէս, նշած է. «Իմ եզրակացութեամբ սխալը այն է, որ մենք գուցէ չափից աւելի մեծ վստահութիւն ենք տածել մեր սիրելի հայրանեկիցների անհատական պատասխանատուութեան գործօնին: Եթէ որեւէ մէկը չվարակուելու համար կանխարգելիչ գործողութիւններ է ձեռնարկում, ի վերջոյ, այդ գործողութիւնները ձեռնարկում է ոչ կառավարութեան համար, ոչ վարչապետի համար, այլ առաջին հերթին ինքն իր համար: Հետեւաբար, մեր ամբողջ ռազմավարութիւնը եղել է այն, որ մենք ինչ-որ մի շրջան մարդկանց ներկայացնենք իրավիճակի լրջութիւնը, այդ շրջանում ընդլայնենք մեր առողջապահական համակարգի հզօրութիւնները, որից յետոյ գնանք բացման եւ մարդկանց ներկայացնենք 100 տոկոսին ձգտող երաշխիքներ, որոնց պարագայում իրենք կը խուսափեն «Քորոնա» ժահրով վարակուելուց:

Մեր կանխավարկածը եղել է այն, որ քաղաքացին այդ պահանջները պահպանելիս դա անում է ոչ թէ կառավարութեան, ոչ թէ իշխանութեան, ոչ թէ վարչապետի, այլ իր, իր հարազատների ու ընկերների համար:

Կայ կարծիք, որ մենք չափից աւելի մեծ վստահութիւն ենք տածել այդ գործօնի նկատմամբ: Հիմա հարցը հետեւեալն է՝ մենք պէ՞տք է շարունակենք այդ գործօնի նկատմամբ վստահութիւն տածել, թէ ոչ: Հիմա էլ կարծում եմ, որ այնուամենայնիւ «Քորոնա» ժահրի դէմ պայքարում թիւ մէկ գործօնը պէտք է լինի մեզնից իւրաքանչիւրի անհատական պատասխանատուութիւնը՝ պայմանով, որ կառավարութիւնը յստակ տեսանելի եւ հասկանալի պայման է առաջադրում, որը քաղաքացուն կ'երաշխաւորի «Քորոնա» ժահրով վարակուելուց:

Մենք քննարկումների արդիւնքում եկել ենք այդ եզրակացութեան, որ կայ երեք կանոն, որոնք 95 տոկոսով կ'երաշխաւորեն «Քորոնա» ժահրով վարակուելուց: Առաջին չախտահանուած ձեռքերով դէմքին չդիպչել, կրել դիմակ, որտեղ հնարաւոր է դիմակ կրել  եւ առանց դիմակի որեւէ հաղորդկցութեան մէջ չմտնել ուրիշ մարդկանց հետ, եւ պահպանել ընկերային հեռաւորութիւն: Մեր ուղերձը շարունակում է մնալ դա»:

Անդրադառնալով այսօրուայ ստեղծուած իրավիճակին, Փաշինեան ըսաւ. «Հայաստանում հարիւրաւոր մարդիկ շարունակում են վարակուել եւ վարակել: Մենք ուզում ենք շատ պարզ խնդիր ձեւակերպենք ու լուծենք այդ խնդիրը: Մեզնից իւրաքանչիւրը պէտք է չվարակուի եւ չվարակի:

Իմ կոչն ու խնդրանքն է, որ մեզնից իւրաքանչիւրը իր անհատական պատասխանատուութեամբ օգնի, որ մենք իրականացնենք, այսպէս ասած, «Քորոնա» ժահրային յեղափոխութիւն: Սա է հիմնական ուղերձը:

Ի հարկէ, մենք նաեւ որոշակի վարչական խստացման ենք գնալու: Գիտէք, որ սահմանուած է պահանջ բոլոր փակ տարածքներում, այդ թուում ինքնաշարժներում, աշխատանքի վայրում, կանգառներում կրել դիմակ: Այս կանոնի պահպանումը կը բերի վարակի տարածման գրեթէ զրոյական մակարդակի:

Առաջիկայում ոչ աշխատանքային օրեր են եւ կանխատեսում կայ, որ մարդիկ մեծ խմբերով  խնջոյքներ են կազմակերպելու: Խնդրում եմ եւ յորդորում եմ պահպանել նշուած կանոնները»: