Տակաւին կանուխ է. Մնացականեանը Փաշինեան-Ալիեւ հնարաւոր հանդիպման մասին

2020-01-17
Image

ՀՀ արտաքին գործոց նախարար Զոհրապ Մնացականեանը վաղ կը համարէ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի եւ Ատրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւի յաջորդ հանդիպման մասին խօսիլը:

«Արմէնբրես»-ի փոխանցմամբ` այս մասին Մնացականեանն ըսած է Յունուար 16-ին լրագրողներու հետ զրոյցի ժամանակ:

«Բանակցային գործընթացը շարունակական է, մենք բանակցութիւններից երբեւէ չենք խուսափել, հակառակը, մենք շատ աշխոյժ ներգրաւուած ենք բանակցային գործընթացներում: Նախարարների մակարդակով եղել են բաւական թուով հանդիպումներ, վարչապետը պաշտօնական հանդիպում է ունեցել մարտին, ոչ պաշտօնական հանդիպումներ են եղել: Մենք հանդիպման մասին յայտարարում ենք միաժամանակ` համանախագահների միջոցով: Դեռ վաղ է խօսել Փաշինեան-Ալիեւ հանդիպման մասին: Մենք արտաքին գործերի նախարարների մակարդակով շարունակում ենք աշխատել»,- ըսած է Մնացականեանը:


ՀՀ արտաքին գործոց նախարար Զոհրապ Մնացականեանը Հայաստանի համար անհանգստացնող կը համարէ տարածաշրջանի մէջ կայունութեան խափանումը: Այս մասին ան ըսած է ՝ անդրադառնալով տարուան սկզբէն Մերձաւոր Արեւելքի մէջ Ամերիկայի Միացեալ Նահանգներու եւ Իրանի միջեւ տեղի ունեցող զարգացումներուն:


«Մեզ համար շատ անհանգստացնող է կայունութեան խափանումը մեզ հարեւան տարածաշրջանում: Այդ առումով մենք աշխատում ենք մեր գործընկերների հետ… Մեր անմիջական գործընկերներն ունեն տարաձայնութիւններ, եւ դա ազդեցութիւն է թողնում նաեւ տարածաշրջանային անվտանգութեան եւ մեր երկրի անվտանգութեան վրայ: Իրապէս յոյս ունենք, որ միայն խաղաղ եւ բանակցային ճանապարհներով հնարաւոր կը լինի կայունացնել իրավիճակը եւ խուսափել զարգացումներից, որոնք տանում են թէժացման»,- ըսած է Մնացականեանը: