Հայաստանէն դրամագլուխի արտահոսք չկայ. ԿԴ նախագահ

2019-10-29
Image

Հայաստանէն դրամագլուխի արտահոսք չկայ, խորհրդարանէն ներս լրագրողներուն ըսած է Կեդրոնական դրամատան նախագահ Արթուր Ջաւադեանը։ Հարցին, թէ կաշառակերութեան դէմ պայքարին զուգահեռ առանձին անձանց կողմէ երկրէն դրամագլուխը տանելու դէպքեր կա՞ն, Ջաւադեանը պատասխանած է, որ եթէ արտահոսք ըլլար, միջազգային պահուստները չէին աւելնար։

«Հայաստանից դրամագլուխի արտահոսքի մասին եթէ խօսում ենք, այդ պարագայում մենք 500 միլիոն տոլար գնած չէինք լինի։ Մենք հիմա պէտք է ծախած լինէինք, եթէ արտահոսք լինէր։ Իսկ մենք գնել ենք։ Դա նշանակում է՝ ներհոսք կայ, ոչ թէ արտահոսք։ Եթէ նման երեւոյթներ տեսնենք, համապատասխան ծառայութիւններ ունենք»,- ըսած է Կեդրոնական դրամատան նախագահը։

Կենդրոնական դրամատան նախագահը  լրագրողներու հետ զրոյցի ժամանակ նաեւ դժգոհեցաւ, որ Կենդրոնական դրամատան աշխատակիցներու աշխատավարձերը ցած են, մրցունակ չեն մասնաւոր ոլորտի՝ առեւտրային դրամատուներու համեմատ։ «Համաձայն Կեդրոնական դրամատան մասին օրէնքի՝ մեր աշխատավարձերը պէտք է լինեն առեւտրային դրամատների միջին աշխատավարձերից ոչ ցածր։ Աւաղ, այս պահին շատ ցածր են, եւ մենք չենք ուզում այդ թեմփը դնել աշխատավարձերի բարձրացման մէջ, որովհետեւ առեւտրային դրամատներուն աւելի բարձր թեմփերով են աշխատավարձերը բարձրանում։ Մենք վերջին տարիներին միայն անդրադարձել ենք բնականոն աճերին՝ կապուած փորձառութեան հետ եւ այլն»,- ըսած է ան։
 

Ցած աշխատավարձերու պատճառով, ըստ Ջաւադեանի, ոլորտէն աշխատակազմի արտահոսք կայ։ «Մենք քատրերի հոսելիութիւն ունենք։ Տարեկան միջինում ունենում ենք 50-60 հոգի, այս տարի 100-ից աւելի աշխատակից դուրս է եկել»,- նշած է Ջաւադեանը։ Ան աւելցուցած է, որ Կենդրոնական դրամատան աշխատակիցներու աշխատավարձերու բարձրացման համար օրէնքի փոփոխութեան կարիք այս պահուն չկայ։ «Բայց ես ուզում եմ ասել, որ այս պահին առեւտրային դրամատները յաջորդ տարուան համար նախատեսում են աշխատավարձերի 8 տոկոսով բարձրացում։ Մենք առաջարկել ենք 1,9 տոկոս, այն էլ դա ամբողջութեամբ վերաբերում է բնականոն աճին, աշխատավարձի աճ չենք նախատեսել»,- նշած է ան։