Հայաստանէն գաղթի ալիքը դէպի նուազում

2020-01-14
Image

Ազգային վիճակագրական կոմիտէն հրապարակած է տուեալներ եւ արձանագրած, որ 2019 թուականին նորանկախ Հայաստանի ամենացած թիւը գրանցուած է՝ 2 միլիոն 965 հազար մարդ։ Ինչո՞վ պայմանաւորուած է բնակչութեան այս նուազումը․ «Առաջին լրատուական»-ի հարցին ՀՀ աշխատանքի եւ ընկերային հարցերու նախարարութեան ժողովրդագրութեան բաժնի պետ, ժողովրդագրագէտ Արտակ Մարկոսեանը պատասխանած է․ «1990 թուականի տուեալներով՝ Հայաստանում բնակւում էր մօտ 3 միլիոն 514 հազար մարդ, որը նորանկախ Հայաստանի պատմութեան մէջ ամենաբարձր ցուցանիշն է։ Նշեմ, որ 1921 թուականին, երբ մենք միանում էինք Խորհրդային միութեանը, Հայաստանում ապրում էր 770 հազար մարդ, իսկ 1926 թուականին այդ թիւը հասաւ 881 հազարի։ 1926-1990 ժամանակահատուածում Հայաստանի բնակչութեան թիւն աճել էր մօտ 4,7 անգամ։ Այո, այդ ժամանակահատուածում մենք ունեցանք բաւականին լաւ աճ։ Պէտք է նշեմ, որ թէեւ հայրենադարձութիւնն էլ այդ ժամանակ դեր խաղաց բնակչութեան թուաքանակի աճի վրայ, բայց հիմնականում այն պայմանաւորուած էր բնական աճի բարձր ցուցանիշով։

Արտագաղթը չէր սկսուել 1991 թուականին, 1980 թուականից սկսած Հայաստանն արդէն գաղթի բացասական պատկեր ցոյց տուող երկիր էր։ Այսինքն՝ արտագաղթն արդէն սկսել էր, եւ անկախ նրանից՝ Խորհրդային միութիւնը կը փլուզուէր, թէ ոչ, այն շարունակուելու էր, քանի որ Հայաստանում եղած աշխատատեղերը չէին բաւարարում այն մարդկանց, որոնք մտնում էին աշխատաշուկայ։ Այսինքն՝ մենք 1950-60-ական թուականներին ունեցել ենք բաւականին բարձր ծնելիութիւն, եւ այդ թուականներին ծնուած մարդիկ 1980-ականներին մտան աշխատաշուկայ, սակայն աշխատատեղերն արդէն քիչ էին ստեղծւում, եւ երիտասարդութիւնը սկսել էր Հայաստանից հեռանալ Խորհրդային միութեան այլ հանրապետութիւններ»։