«Արտախորհրդարանական ուժերը պառակտում կը ստեղծեն» Արմէն Գրիգորեան

2019-11-15
Image

«Արտախորհրդարանական ուժերը  կը չարաշահեն   ժողովրդավարութեան ընձեռած հնարաւորութիւնները, եւ   կը պառակտեն  մեր հասարակութիւնը» կառավարութեան նիստէն ետք լրագրողներուն ըսած է Անվտանգութեան խորհուրդի քարտուղար Արմէն Գրիգորեանը:

Գրիգորեանը օրերս հանդէս եկած է հրապարակմամբ՝ Civilnet պարբերականին գրելով․ - «Աշխարհի մի շարք երկրներում ժողովրդավարութիւնը  անկում  ապրած է, քանի որ ժողովրդավարական ուժերը բաւարար ջանք չեն գործադրած ժողովրդավարութիւնը պաշտպանելու համար: Հակաժողովրդավարական ուժերը ժողովրդավարութեան տուած հնարաւորութիւններն օգտագործել են հակաժողովրդավարական արժէքներ տարածելու, հանրային համերաշխութիւնը խաթարելու, իսկ այնուհետեւ մենատիրական  եւ ամբողջատիրական համակարգ ստեղծելու համար։ Պատմութեանը յայտնի են ժողովրդավարութեան մի շարք անկումներ։  Ատոնց  ցայտուն օրինակ է Վայմարեան հանրապետութեան անկումը եւ Հիթլերի իշխանութեան գալը»,- գրած է Արմէն  Գրիգորեանը։

«Ազատութեան» հարցին, թէ որ ուժերու մասին է խօսքը, ան արձագանգած է․ - «Ես այս պահին չեմ կարող դրանց մասին խօսել: Բնականաբար, դրանք հիմնականում արտախորհրդարանական են: Եւ այսպէս ասեմ․ այդ ուժերը հիմնականում ֆէյք հաշիւների եւ ոչ-հրապարակային հանդէս գալու միջոցով են գործում: Այսինքն, կեղծ լուրերը, որոնք տարածում են, դրանց մեծ մասը տարածւում են կեղծ հաշիւներից, եւ կեղծ հաշիւներում աւելի մեծ ազատութիւն ունենալով, աւելի բացասական երեւոյթների տեղիք են տալիս: Դժուար է յաճախ իմանալ, թէ այդ ֆէյք հաշիւների յետեւում ովքեր են կանգնած, որովհետեւ տուեալների մասով սահմանափակումներ կան, յաճախ Ֆէյսպուքը տուեալներ չի տրամադրում: Բայց այդ մասով [որ այդ կեղծ հաշիւների յետեւում կանգնած են նաեւ նախկին իշխանութիւնների ներկայացուցիչները] որոշակի հիմնաւոր կասկածներ են առաջանում»:

«Պատմութիւնը ցոյց է տալիս, որ ժողովրդավարութիւնը պաշտպանութեան կարիք ունի, ու իշխանութիւնն ունի ե՛ւ լիազօրութիւններ, ե՛ւ պարտաւորութիւններ ժողովրդավարական արժէքները եւ հիմնարկները պաշտպանելու համար», - ըսած է Արմէն Գրիգորեանը։

«Ազատութեան» յաջորդ հարցին, թէ ինչ պիտի ձեռնարկեն իշխանութիւնները, ան պատասխանած է․ - «Քայլերը բազմաշերտ են: Չկայ մէկ յստակ քայլ, որով կարելի է ասել, որ այ, էս քայլը կատարելով մենք բոլոր հարցերը լուծելու ենք»: